Զինեդին Զիդանը հարցազրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է Կարիմ Բենզեմայի, «Ռեալում» իր աշխատանքի ու իր ապագայի վերաբերյալ:
«Եթե տեղափոխվում ես «Ռեալ», պետք է հասկանաս ակումբի ողջ մեծությունը, հասկանաս, որ այստեղ թույլերի տեղը չէ, բոլորը տրամադրված են միայն հաղթանակների: Այս ակումբը միշտ ցանկանում է հաղթել, և դա նորմալ է: Գլխավոր խնդիրը հենց ֆուտբոլիստների մեջ է: Պետք է հստակ գիտակցել, թե ինչ ակումբ ես տեղափոխվում:
Հիմա «Ռեալը» առաջնության առաջատարն է, դուրս ենք եկել Գավաթի խաղարկության եզրափակիչ, գրեթե ապահովել ենք տեղը ՉԼ քառորդ եզրափակչում: Երբեք չի կարելի կանգ առնել, թիմը պետք է առաջ շարժվի, չնայած մենք հասկանում ենք, որ բարդ է լինելու, քանի որ առջևում մեզ շատ դժվար խաղեր են սպասում: Եթե պահպանենք կենտրոնացվածությունը ու շարունակենք աշխատել մեր վրա, ապա կկարողանանք հասնել մեր առաջ դրված նպատակներին:
Իմ մոտ ապագան անցնելու է մարզչական աշխատանքում՝ պահեստայինների նստարանին: Ես հնարավորություն ունեմ փորձ ձեռք բերել հիանալի մասնագետի հետ աշխատելիս: Ես Կարլոյին շատ վաղուց գիտեմ, նա ինձ մարզել է, երբ դեռ ֆուտբոլիստ էի: Հուսով եմ, որ ապագայում ինքս կկարողանամ մարզել որևէ թիմ:
Ես երջանիկ եմ, քանի որ ամեն օր անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Կարիերաս ավարտելուց հետո ես շատ եմ մտածել: Ի վերջո եկա այն եզրահանգման, որ պետք է անեմ այն, ինչ ցանկանում եմ: Կարիերաս ավարտելուց հետո ինձ մոտ մի զգացում էր մնացել, որ դեռ ամեն ինչ չէ, որ ապացուցել եմ: Եթե զգում ես, որ կարող ես հասնել այս կամ այն բարձունքին, ապա անպայման փորձում ես գտնել քեզ այդ գործում: Ես մեծ կիրք ունեմ. դա ֆուտբոլն է: Ես կարծում եմ, որ պարզապես պարտավոր եմ կիսվել փորձով ու գիտելիքներով երիտասարդների հետ:
Կարիմ Բենզեման շատ լավ ֆուտբոլիստ է: Իրականում նա հանդարտ ու համեստ տղա է, ով չի սիրում լինել առաջնային դերերում: Կարիմը մեծ տաղանդ է: Նա երջանիկ է միայն այն ժամանակ, երբ իր ու թիմի մոտ ամեն ինչ ստացվում է: Նա ապրում է ֆուտբոլով: Ես հավատում եմ, որ ակումբը նրան նոր պայմանագիր կառաջարկի, ու վստահ եմ, որ Բենզեման կստորագրի այն: Նա իրեն շատ լավ է զգում Մադրիդում: Չեմ կարծում, որ նա որևէ խնդիր ունի:
Ռոնալդուն լիովին արժանի էր իր «Ոսկե գնդակին»: Ես կարող եմ այդ մասին խոսել, չէ՞ որ ամեն օր տեսնում եմ նրա կատարած աշխատանքը մարզումների ժամանակ: Նա առաջինն է գալիս ու հեռանում վերջինը: Կարող եմ բացահայտ ասել, որ Կրիշտիանուն դեռ աճելու տեղ ունի, նրա պոտենցիալը անսահմանափակ է: Նա երբեք կանգ չի առնում ձեռք բերածի վրա, միշտ ավելին, ավելին ու ավելին է ցանկանում: Նա բնատուր տաղանդ է, օրինակ մյուսների համար»: